Կաթնամթերքը ամենաարժեքավոր ու օգտակար
սննդամթերքներից մեկն է ինչպես մեծահասակների, այնպես էլ փոքրիկների համար:
Կաթնամթերքը սկսում է ուղեկցել փոքրիկին նրա կյանքի առաջին իսկ ամիսներից և
որոշ ժամանակ անց նաև փոխարինում է մայրական կաթին:
Կաթնամթերքները պարունակում են չափազանց
օգտակար սպիտակուցներ ու ճարպեր, ինչպես նաև կալցիում, որոնք երեխան շատ
ավելի հեշտ է ընդունում կաթնամթերքի, քան մսի և մյուս սննդամթերքների
միջոցով: Այնպես որ, երբ Ձեր փոքրիկը լինի արդեն կես տարեկան, ճիշտ
ժամանակն է մայրական կաթին զուգահեռ կերակրել նրան նաև այս համեղ ու
սննդարար մթերքներով:
Սկսում ենք կաթնաշոռից
Փոքրիկ երեխայի առաջին ծանոթությունը
կաթնամթերքի հետ պետք է տեղի ունենա կաթնաշոռի միջոցով: Իսկ եթե փոքրիկը
քաշի հետ խնդիրներ ունի, ապա կաթնաշոռով կարող եք կերակրել նրան դեռ 4-5
ամսականից: Դա պետք է լինի հատուկ մանկական կաթնաշոռ: Այսպիսի կաթնաշոռ
կարելի է պատրաստել նաև տնային պայմաններում: Ոչ մի դեպքում մի տվեք
փոքրիկին նախորդ օրվանից մնացած կաթնաշոռը: Առաջին անգամ երեխային
կաթնաշոռով «հյուրասիրեք» ¼ թեյի գդալի չափով: Եթե զգում եք, որ կաթնաշոռը
դուր եկավ նրան, մյուս անգամ չափաբաժինը հասցրեք կես գդալի: Քիչ-քիչ
ավելացնելով այն՝ կարող եք հասցնել մինչև 4 թեյի գդալի: Բայց օրական 40
գրամը պետք չէ անցնել, եթե փոքրիկի մեկ տարին դեռ չի լրացել:
Կեֆիրի հերթն է
Եթե
շուտով լրանալու է փոքրիկի մեկ տարին, ապա կարող եք նրա սննդակարգում
մանկական կաթնամթերքներից ավելացնել նաև կեֆիրը և յոգուրտը: Նրանք պետք է
լինեն միմիայն բնական և առանց համային հավելումների: Կեֆիրին կարող եք
ավելացնել միայն մի փոքր շաքարաջուր: Երբ փոքրիկն ընտելանա այս
կաթնամթերքին, օրվա ընթացքում մեկ անգամ կարող է սնվել դրանցով կրծքով
կերակրվելու փոխարեն: 200- 400 մլ.-ը միանգամայն բավարար է փոքրիկի համար:
Կովի կաթի համար դեռ վաղ է
Կովի կամ այծի կաթը շատ դժվար կյուրացվեն
փոքրիկի օրգանիզմի կողմից՝ բարձր յուղայնության պատճառով, այնպես որ մեկ
տարեկանից շուտ խորհուրդ է տրվում փոքրիկին մայրական կաթից բացի այլ կաթով
չկերակրել:
Իսկ պանի՞րը
Պանիրը նույնպես շատ օգտակար կաթնամթերք
է՝ հարուստ սպիտակուցներով ու կալցիումով: Բայց շատ մանկաբույժներ խորհուրդ
չեն տալիս պանրով կերակրել երեխային 1,5-2 տարեկանից ավելի վաղ: Իսկ
հալեցրած պանիրներն առհասարակ հակացուցված են փոքրիկ երեխաներին: Բայց եթե
որոշել եք պանիրն էլ «գործի դնել», ապա էլի պետք է սկսել ոչ ավելի, քան 5
գրամից:
Մանկական կաթնամթերքի դերը չափազանց մեծ է
փոքրիկի առողջության հարցում, բայց մյուս սննդամթերքների մասին էլ չի
կարելի մոռանալ: Կաթնամթերքի չարաշահումը նույնպես խնդիրներ կարող է
առաջացնել: Այնպես որ, սիրելի մայրիկներ, ամենից կարևորը օգտակար և
բազմազան սնունդն է: Այդ դեպքում մի քանի տարի անց ոչ Ձեր բալիկի
առողջությունից, ոչ էլ ախորժակից հաստատ չեք դժգոհի…